«Այսօրվա հուշագիրը ճանապարհային քարտեզ է ապագայի համար։ Եթե հաշվի առնենք, որ իրականացրել ենք այն ամենը, ինչ պլանավորել ենք մինչ այժմ, վստահ եմ, որ մեծ ձեռքբերում կունենանք»,- ասել է Ալիևը։
Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով, Եվրոպական միությունը էներգակիրների հուսալի մատակարարներ է փնտրում և Ադրբեջանը նրանցից մեկն է։
«Այսօրվա պայմանագրով մենք պարտավորվում ենք ընդլայնել Հարավային գազային միջանցքը, կրկնապատկել Ադրբեջանից Եվրամիություն գազի մատակարարումը։ Սա լավ նորություն է այս ձմռան և հետագա գազամատակարարման համար»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Կասպից ծովում արդյունահանվող բնական գազը Եվրոպա է մատակարարվում Հարավային գազային միջանցքով, որն անցնում է նաև Վրաստանի տարածքով։ Անդրադրիատիկ գազատարը միջանցքի վերջին հատվածն է և այն շահագործման է հանձնվել 2021 թվականի սկզբին։
Անցյալ տարի գազատարը Եվրոպա է արտահանել ավելի քան 8 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ։ Եվրամիությունում ակնկալում են, որ Հարավային գազային միջանցքի ընդլայնման միջոցով մինչև 2027 թվականը եվրոպական երկրներին հնարավոր կլինի մատակարարել տարեկան նվազագույնը 20 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։
2021 թվականին ԵՄ-ն իր բնական գազի 40%-ը Ռուսաստանից է ստացել։ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից և լայնամասշտաբ պատերազմ սկսելուց հետո Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ մինչև տարեվերջ կնվազեցնի ռուսական գազի ներկրումը 2/3-ով։